top of page
  • Facebook Clean Grey

Archive/ԱՐԽԻՎ

SEARCH BY TAGS/հիմնաբառ

Noch keine Tags.

Հայոց պար/ Շալախո պարանունը Շալախոյ կամ Շարախայ անունն է, Շարայի դաշտավայրի Խոյ

(10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

Շալախո պարանունը Շալախոյ կամ Շարախայ անունն է, Շարայի դաշտավայրի Խոյ -Խայ իմաստն ու գաղափարն ունի:

«Շալախոյ» ծիսական պարը կամ անունը գաղափարախոսություն է, այն ամփոփում է մի քանի դիցական գաղափարների միասնություն: Քանի որ պարը ծես եւ հանդիսություն է, ապա մեր դիցերը հանդես են եկել տոտեմներով: Շալախոյ պարը մի շարք տոտեմների միասնական ծիսակարգ պար է. Շահ առյուծի եւ խոյի, ցուլի, արտի արեւակիր տոտեմ խորհուրդների: Շալախո-ն Շալախոյ բառն է, յ-կիսաձայնի անկումով:

Մեկ այլ տարբերակով. Շալախո+յ բառում հստակ տեղ ունեն շահ +լու+խոյ մասնիկները. «լու-lu» շումերական մշակույթում նշանակում է առյուծ, հայերենում այն պահպանվել է Լեւոն անունով, բնիկ հայերեն բառ է՝ լույս, լուր իմաստով / Աճառյան/:

Շալախո եզրաբառը հայերենում նշանակում է վաղահաս, կանխահաս. հայերենում Կարմիր ծիրանին ասում են շալախ ծիրան, շալախ են ասում սեխին, որը հայերենում ունի նաեւ շամամ անունը:

Բառանյութը հաստատում է, որ Շալախո ծիսապարը կարելի է դասել «Շիվհալանի», «Շերխանի»- Շարայի խան պարերի շարքին։

Շալախ եւ Շալախո տերմինների իմաստաբանական կապի մասին է խոսում Շալախոյ պարը, որը խորհրդանշում եւ ներկայացնում է կանխահաս, նոր կյանք մտնող երիտասարդ խոյանման եւ առյուծանման սերնդին: Երիտասարդի կամքի, արարքի ցուցադրում, սիրո ու գրավչության մրցակցություն, աղջիկների հեզաճկուն եւ ցուցադրական նազանք, հպարտություն:

Ծիսական հանդիսության կենտրոնում մենակատար պարողի ուսերին Շիրակի շախի ու կերուխումի գինու գավաթներն են ու գինով լի թասը՝ գլխին: Մենակատար պարողը ներկայանում է որպես Խաչ՝ ձգված իրանով, տարածված ձեռքերով: Պարողն ունի կենսուրախ եւ միաժամանակ լուրջ կեցվածք: Պարողը կատարում է միստիկական շարժումներ, նրա մարմնի մեջ կա ներքին ձգվածություն, արտիստիկ լարվածություն: Նա զգույշ շարժվում է իր առանցքի շուրջը՝ պահպանելով հավասարակշռությունը:

Պարողը պետք է ուշադրության կենտրոնում պահի ուսերին եւ գլխին դրած գինու գավաթն ու գինով լի թասերը եւ մարմնի յուրաքանչյուր մասնիկով կրի ուսերին դրած պատասխանատվությունը. երիտասարդի, որպես ընտանիքի պատասխանատուի, ծիսակարգ է:

Մենակատարին ուղեկցում են արագաշարժություն ու ճարպկություն պահանջող, բարդ ու կտրուկ շարժումներից կազմված պարաքայլերով պարողները։

Պարաձեւն ունի ծնկածալ նստումներ, պտույտներ ու բարձր թռիչքներ, թռիչքի մեջ ոտքերն իրար քսելով կարծես գարնան ուրախ խոյ-այծի պարի շարժումներ են կատարում։ Քայլերը կատարում են բացառապես ոտքերի մատներին՝ ձեռքերի ու մարմնի կտրուկ դարձումներով։

Պարն ունի ինքնատիպ ծիսական շարժումների միացություն, պարում համադրված է ժամանակի միտքը, հոգեւոր կենսուրախ գործունեությունը: Շալախո պարը Շիրակի դաշտավայրի, Շահարայ-Շախիշարայ դիցին նվիրված, Շիրակի կերուխումի, Շախի ու Շախկղի-կենացի, «Շախկղի, ոչ միայն զկենացն լինիցեմ կաթոգին, այլ զբարվոքն կենաց (ՆՀԲ Էջ 1103)», սեղանի ու ուրախության, գինու, խաղողի բերք ու բարիքի առատության գաղափարախոսություն է, հանդիսավորություն, աշնանային առատ բերքահավաքի ավարտի եւ բերք ու բարիքի վայելքի տոնակատարություն: Մեր ժողովուրդն ի սկզբանե ունեցել է խաղող ճմռելու, գինու, մաճառի ծես, որին ուղեկցել է առատ սեղանը, լավաշը, ճառը-խոսքը, քեֆը, ուրախությունը, հանդիսությունը, երգը, պարը: Շալախոյ պարը հայոց ազգային ակունքի ծիսական կենսուրախ ներկայացում է։

Որտե՛ղ եւ ե՛րբ է կազմավորվել է «Շալախոյ» ծիսական արարողակարգ – պարը: Ըստ Խորենացու, Հայկ Աղեղնավորի որդին է Արամանյակը, Արամանյակի որդին է Արամայիսը, Արամայիսի որդին է բազմազավակ Շարան: Արամայիսը իր Շարա բազմազավակ որդուն ամբողջ աղխով ուղարկեց մի արգավանդ ու բերրի դաշտ, որը գտնվում էր հյուսիսային լեռան՝ Արագածի թիկունքում, դաշտը Շարայի անունով կոչվեց Շիրակ:

Շարային է պատկանում նաեւ վիթխարի Արայի սարը, հսկայական երկու ցուլերի առճակատող գլուխները, որոնց չորս եղջույրների կայծականահեղ միասնությունն է կազմում Շիրակի ամենաբարձր՝ Արագայծ-կայծ, Արագած լեռը:

Շահի Շարա-Sahisara աստվածությունը մեծ ժառանգություն է թողել հայոց լեզվի բառագանձարանում, հայ մշակույթի մեջ: Պահպանվել են առասպելներ, ժողովրդական զրույցներ, պատմագրական տեղեկություններ՝ հայ եւ այլազգի պատմիչների կողմից:

Շարայի անվան տարբեր վերաիմաստավորումները որպես Շիրակ, Շահի-Շարա-Sahisara հուշում են, որ ամենայն հավանականությամբ գործ ունենք նաեւ դիցական կերպարի հետ, դա են հաստատում նաեւ հետեւյալ վկայությունները՝ «Շիրահ Արաք զշիրակ շինեաց», Շախ-խաղ-Շախմատ, «Շահս արարին տօնս կատարեցին», Շամ-Շահամ-Արեգակ, Սեմէթ- կէս-կիսել (արամերեն), Շաքիլ-ընձյուղ, Շամփհուր-կշիռք-Հայկ Աստեղնատուն, ՇաԱր-Շար. շումերական մշակույթում շար-սարը կոչվում է 3600 տարիների շրջան (տիեզերաշրջան): (Աճառյան):

Ք.ա. 8-րդ դարում Շիրակում վկայված են վեց իշխանություններ, որոնք հայագետներին հայտնի են «Շարայի ցեղամիություն» անվամբ:

Կենսագրությունը՝ շողով-շաղով

Շարայի կամ Շախիշարայի եւ դիցուհի Աշարայի մասին պատումների եւ թողած բազմաշերտ բառագանձի միջոցով մենք կարող ենք վերականգնել Շիրակի դաշտավայրի աստվածության դիցապատմությունը, Դիցերին եւ Շալախոյ պարի կենսագրությունը:

Շարա տերմինի եւ առասպելաբանական կերպարի ուսումնասիրությունների արդյունքում հանգեցի այն եզրակացության, որ Շարա- Sahisara-Շախիշարա անունով տոհմապետի անվան հետ են կապված նաեւ հետեւյալ հատուկ անունները, որոնք կարող են համարվել բազմազավակ Շարայի դիցապատմական ուստրերն ու դուստրերը, ովքեր ներկայացնում են Շարա անվան պատմամշակութային ամբողջ նկարագիրը. հայ ժողորդի պատմությունը վկայում է Շատակ Շարա-Sahisara-ի բազմազավակ լինելու մասին, սակայն հայտնի չեն անունները: Շահիշարա աստվածության շարքին պատկանող Դիցերն են՝ Շահ, Շահիշահ- Արքայաց-Արքայ, ՇարԱր՝ 3600 տարի (տիեզերաշրջան), Շիրակ, Շարագունդ-կունդ, Շատակ, Շատախ, Շատաս, Շարագահ, Շարամրաք, Շախմատ, Շահեն-արծիվ, Շարխան-առյուծ, Շահրիթաս, Շահրիշատ, Շիվհալանի, Շարափ, Շարապ, Շարախ, Hastarae-ՀաշտԱրայ, Շախրուն-Շախուրույն, Շահաբ, Շարամբ-Շար+ամբ-եղեգն, Sam-Sun-Շամ-Շահամ-Արեգակ, Շամփհուր- Կշիռք Հայկ Աստեղնատուն:

Շահիշարա աստվածության շարքին պատկանող Դիցուհիներն են՝ Շերեփ-աստղատուն, Շահաշորա, Աշարայ, Շամամ, Շատ-սատինք-Կաթ, Շատ-առատ, Շատ= թաս, Շատաս, Շադ- ամենակարող, Շողակաթ, Սաթ-խեժաքար՝ ԱրեգիՊարգեւ կամ Արեւի պարգեւ անունով, Սատաղ-սուրբ եւ մաքուր, իբրեւ զձայն Աստուծոյ Սադդայի, Շաղակաթ, Շահրիշատ, Շեահ-շեախ- քաջահավ, կարապ (Հր. Աճառյան 507 էջ):

(Schaxrizade- փոխառվել է պարսիկների կողմից, դարձել է Պարսկաստանի հեքիաթի հերոսուհի) (ՆՀԲ, Հր. Աճառյան 153):

-Sat- գերմաներենում նշանակում է կուշտ, այսինքն՝ ունի նույն իմաստը, ինչ հայերենում: Գերմաներենում saat-սերմ, հայերենի զհատ-հատիկ:

Այստեղ հստակ եզրակացություն ենք անում, որ «շահ» արմատը բնիկ հայերեն արմատ է եւ փոխառնվել է հարեւան ժողովուրդների, պարսիկների եւ արաբների կողմից:

Վերոնշյալ դիցերն ու դիցանունները ներկայացնում են բնապաշտության, հացահատիկի, բնության եւ կենդանական աշխարհի. Շերի ու գիշերի ցուլերի, խոյի ու առյուծի, արծվի ու բազեի, բնության եւ մարդու սերնդի աճի, ծառ ու ճյուղի, շաղ ու շերամի, բերք ու բարիքի առատության, ուրախությունների ու հանդիսությունների, շախմատ-շահ-խաղերի ու մրցումների, բազմակ-սեղանների առատության, խաշ ու լավաշի, շախով ու շուխով ժիր ու զվարթ, ցնծագին, ուրախալից կերուխումների արարողակարգն ու ծեսերը: Հայոց պատմադիցական կերպարները հանդես են գալիս տոտեմ-կենդանակերպ կերպարանքներով, խորհրդանշաններով՝ առյուծի, ցուլի, քաղի, վիշապի, այծեղջյուր-ամի, խոյի, հրեղեն ձիու կերպարով:

Շարայ արմատից ունենք աշորայ-աշարայ բուսանունը «Արացախ», Շարայի անունը կապ ունի հնձելու գործողության եւ հունձի հետ:

Շարա Աստվածության ուրախությունների ու հանդիսությունների կարեւոր գործոններից էր Շարաթաս- թասիբ-tasibus ավանդությունը, որը ցայսօր պահպանել է իր արժանի իմաստը՝ պատվի խնդիր դարձնել, պատիվը պաշտպանել (Ըստ Է. Աղայանի, Արդի հայերենի բացատրական բառարան, Երեւան, «Հայաստան», 1976)։

«Ավելի ուշ ժամանակաշրջանի հին հունական պատմիչներ Հերոդոտոս Հալիկարնասցին, Քսենոֆոն Աթենացին եւ Ստրաբոնը հավաստիապես վկայում են այն մասին, որ մոտ 2,5 հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ: Մ.թ.ա. 401-400թթ. երբ հունական զորքերը Քսենոֆոնի գլխավորությամբ անցնում էին Նաիրի երկրով (Հայաստանի հնագույն անվանումներից է), հայկական տներում նրանց հյուրասիրում էին գինով եւ գարեջրով, այդ գինիները պահվում էին խորը գետնափոր պահեստարաններում, հատուկ կավե կարասներում: Քսենեփոնը պատմում է, որ շատ ախորժալի ըմպելիք էր գարեջուրը:

Արարատի լանջին՝ Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, ավանդույթը ասում է. «Այծը կերավ խաղողի վայրի պտուղները եւ արբեց, սկսեց խաղալ, թռչկոտել ու հրմշտել մյուս կենդանիներին»: Ահա Շալախո պարի ավանդական հիմքը:

Եվ պարտադրված ոդիսականը

Ինչպե՞ս Շիրակի տարածաշրջանի Շահիշարայի դիցապատմական, լեզվաբանական եւ մշակութային արժեքները եւ Շալախո պարը դարձավ արաբական, պարսկական-վրացական սեփականություն:

Իրանի Աբբաս Շահը 1604թ. թուրք-պարսկական պատերազմի ընթացքում պարտվելով, հրամայեց իր ճանապարհի վրա գտնվող շրջանների ամբողջ բնակչությանը՝ մոտ 300 հազար հայ, Շիրակից մինչեւ Գողթն, բռնի գաղթեցնել Իրան։ Այդ բռնագաղթը Հայաստանի եւ հայ ժողովրդի մեծագույն աղետներից էր։

Հայ ժողովուրդը, բնականաբար, գաղթի հետ միաժամանակ Իրան տարավ մշակութային արժեքները, գորգագործությունը, ատաղծագործությունը, երգը, պարը, երաժշտական գործիքները, անունները, հեքիաթասացությունը, շարականները եւ ամենակարեւորը՝ Հայոց լեզվի բառագանձը, որը հիմք դարձավ եւս մեկ անգամ հարստացնելու իրան-պարսկաստանյան-արաբական լեզվական բառապաշարը:

Մինչեւ այսօր հայագետները փորձում են Հայոց լեզվի շատ արմատներ համարել փոխառություն իրանական, արաբական բառապաշարից կամ արմատներից: Իրականում ճիշտ հակառակն է:

«Շալախո» պարանվան հետ հաճախ զուգակցվում է Կինտո անունը: Կինտո բառը կամ անունը Շիրակի տարածաշրջանային բառ է, որը ծագել է հայերնի կունդ, գունդ, կոնդ, կենտրոն, մկունդ բառերի նաեւ կենցաղավարական կանթ, կենտրոն, կենառ- սեղան, կենաթ-կենդանագիր, խանդեպար բառերի իմաստաբանական շրջանում:

Հայերենում «Կոնդակ» բառը նշանակում է կարճ երգ, հորդորակ, հայրապետական թուղթ: Մկունդը երկաթե շեղբերով հնագույն զենքի տեսակ է, որն ամրացվել է փայտե կոթերին, հայտնի է սկսած ուրարտական շրջանից։ Մկունդ կրող զինվորները կոչվել են մկնդավորներ /Հր. Աճառյան 572-573 էջ/:

Բնական է, որ Շիրակից տեղահանվածները շիրակցիները պիտի Իրան տանեին Շիրակի դաշտավայրի մշակույթը, մասնավորապես Շալախո պարը եւ Կինտո տերմինը:

Ի՞նչ կապ ունեն կինտոները

Թիֆլիսում Շալախոն պարել են կինտոները. ո՞վքեր են կինտոները եւ ի՞նչ է նշանակում կինտո: Որտեղի՞ց հավաքվեցին կինտոները Վրաստանում:

Ըստ վրացագետ պատմաբանների, Վրաստանի Ռոստոմ թագավորի ժամանակ (1565-1658), կինտոները եկան Պարսկաստանից՝ կուլտուր-մշակութային «ապրանք» որակով կամ բնութագրմամբ: Նրանք մշակութային «հարձակում» կատարեցին Վրաստանի մշակութային արժեքների վրա: Շատ վրացի հետազոտողներ կարծում են, որ Վրաստանում այդ ժամանակաշրջանում կատարվում էր ասիմիլացիա՝ հստակ պարսկական սովորույթներով, եւ այդ գործընթացը ներկայացվում է «Կինտո» անունով։ «Կինտո» եզրաբառը պարսկերենում որակավորվում է որպես «կոնք», որն ունի նաեւ բացասական՝ անբարո, վայրագ, վայրենի բաչաբոզի-բաշիբոզուկների կերպար իմաստ (Օլեգ Պանֆիլով, լրագրող, արեւելագետ):

Ըստ այդմ, Թիֆլիս քաղաքում ծաղկում է պարսկալեզու աշխարհ, Թիֆլիսի մշակութային կյանքը ղեկավարվում էր պարսկական սովորույթներով, որը Թիֆլիսի հասարակության կողմից ստանում է բացասական վերաբերմունք: Այս պասկավրացական կենսագրությունը շատ վրացագետներ տարածում են նաեւ մյուս ազգերի վրա՝ այս ամենին միացնելով նաեւ հայերին, քան որ հայերը պարսիկների հետ Վրաստան մեկնեցին:

Օ. Պանֆիլովին հիշեցնենք, որ Վրաստանում պարսիկները, արաբները եւ հայերը յուրաքանչյուրն առանձին են ստեղծել իրենց մշակութային արժեքները, յուրաքանչյուրն իր ազգային առանձնահատկությունից ելնելով, սակայն Վրաստանի շատ մշակութաբաններ այսօր փորձում են Վրաստանում պարսկական եւ հայկական մշակույթը միասնաբար ներկայացնել, որը հակասում է ազգային մշակույթի կերպարին:

Պարսկաստանից Վրաստան եկած հայերը իրենց հետ բերելով ազգային մշակույթը, կերտում են Թիֆլիսի մշակութային կյանքը, երգը, պարը, թատրոնը, ճարտարապետական ու քաղաքական կերպարը, առանձնանալով իրենց մշակույթով եւ ազգային առանձնահատկություններով: Դրա վառ ապացույցներից մեկն էլ Շալախո պարն է, որը վրացիները փորձում են սեփականել՝ առանց հիմնավորելու:

Շալախոն Վրաստանում ստացել է Կինտոների պար՝ Georgian dance Shalaho (Kintauri) անունը, եւ պարի մասնակիցներին անվանում են կինտո, հետեւաբար այն ընկալվում է որպես 19-րդ դարի Թիֆլիսի քաղաքային մշակույթի մաս: Իրոք այդպես է, սակայն այն փոխառություն է, ավելի ճիշտ՝ այն Թիֆլիս է տեղափոխվել հայերի հետ, որպես հայերի ազգային, ծիսական պար:

Շիրակի Շալախո պարը Շիրակի դաշտից գաղթելով Պարսկաստան-Կովկաս-Վրաստան՝ կորցնում է պատմադիցական, հայոց ազգային ծիսական-հոգեւոր արժեքը եւ ձեռք է բերում «կինտոյական» վարքագիծ: Շալախո պարը ճամփորդության եւ ժամանակի ազդեցության հետեւանքով սկսում են պարել շատ ժողովուրդներ, սեփականել, որոշակի տարրեր փոխել, եւ յուրաքանչյուրը «Շալախո» պարին տալիս է իր ազգային մշակութային կերպարը, առանձնահատկությունը, որի հետեւանքով պարի հայկական դիցածիսական արժեքը աստիճանաբար մղվում է հետին պլան՝ առաջին պլանում զարգացնելով թեթեւսոլիկությունը եւ քեֆչիությունն ու «կինտոյությունը»:

«Շալախո» պարի կովկասյան յուրաքանչյուր «ասիմիլացիա» մշակութային խեղաթյուրված կրկնօրինակում է, որտեղ խախտված է պարի ծագումնաբանական արմատը, ծիսականությունը:

Ամփոփում

Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը: Սակայն ինչպես յուրաքանչյուր նյութական եւ ոչ նյութական արժեք ունի ազգային ծագում ու պատկանելություն, այնպես էլ «Շալախո» հայոց ազգային պարը:

Ինչպես շատ եւ շատ հայկական լեզվաբանական եւ մշակութային արժեքներ, այդ թվում նաեւ Շալախո պարը, տարբեր հիմնավորումներով փորձ է արվում սկզբից օտարել հայկական մշակույթից, ապա ներկայացնել որպես այլ ժողովրդի պարային մշակույթ, սակայն նման յուրաքնաչյուր փորձ ի վերջո տապալվում է, քանի որ Շալախո պարի գաղափարական միջուկը կերպավորված է Շիրակի Կումայրիում:

Այնուամենայնիվ, Շալախո պարը հայ պարագետների կողմից վերականգնել է իր ծիսական նկարագիրը եւ տարազը:

Մենք վստահաբար կարողացանք ներկայացնել Շալախո պարի պատմական ժամանակաշրջանը, տարածաշրջանը եւ փաստեցինք, որ Շալախո պարի մեջ կայուն պահպանվել է Շիրակի Կումայրիի կենսագրական կոլորիտը, նույնիսկ Շիրակի ազգային տարազը:

Շարունակելի

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հունիս, Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցք»-ի համար

bottom of page